Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, որին «Ազգայնական շարժում» կուսակցությունն առաջադրել է պատգամավորության թեկնածու, հայտարարել է, որ իրեն աշխատանքից ազատել են ԱՄՆ-ի և Հայաստանի պահանջով:
Հակահայկական հայտարարություններով աչքի ընկնող Հալաչօղլուն պնդում է, որ սխալ է այն կարծիքը, թե իրեն աշխատանքից ազատել են 2007-ին Կեսարիայում արած այն հայտարարության համար, թե որոշ քրդեր ունեն թուրքմենական, իսկ մեծ թվով քրդեր էլ` հայկական ծագում:
«Իմ պաշտոնանկությունից հետո Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի միջև «Հայաստանյան նախաձեռնություն» անվան տակ համաձայնություն ձեռք բերվեց սահմանների բացման հարցում: Այդ ժամանակ էլ Հայաստանն ու Միացյալ Նահանգները պահանջեցին, որ ինձ աշխատանքից ազատեն»,- ասել է նա:
«Էրջիյես համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկաներից մեկը Հալաչօղլուին հարց է ուղղել պաշտոնից ազատվելու վերաբերյալ, նա էլ իր անձն է մեծարել,-մեզ հետ զրույցում ասաց armweeklynews.am կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Հովսեփյանը:- Իրականում Հալաչօղլուին աշխատանքից ազատել են բերանբացության համար, քանի որ նա առաջինն է հայտարարել, որ ռազմական ուժերի գլխավոր շտաբում պահպանվում են 1936-39 թթ. Դերսիմի դեպքերից հետո բոլոր ծպտյալ հայ ընտանիքների մասին ոստիկանության հավաքած տեղեկությունները: Սա համարվում է պետական գաղտնիքի տարածում, և Հալաչօղլուն լավ է պրծել, որ չի դատվել։ Իրականում Հալաչօղլուի գործունեությունը ձեռնտու էր հայերիս, բայց դա արդեն այլ թեմա է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ